Հաճախորդների անձնագրային տվյալներն օգտագործելով՝ բանկերի հետ կնքել են ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր․ գործը դատարանում է - RadioVan.fm

Онлайн

Հաճախորդների անձնագրային տվյալներն օգտագործելով՝ բանկերի հետ կնքել են ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր․ գործը դատարանում է

2020-01-16 15:43 , Право, 1541

Հաճախորդների անձնագրային տվյալներն օգտագործելով՝ բանկերի հետ կնքել են ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր․ գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: 15 ֆիզիկական և իրավաբանական անձ ճանաչվել է տուժող:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, հանցագործությունների կատարման մեխանիզմները:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1967 թ. ծնված բնակիչը, խարդախությամբ հափշտակություններ է կատարել իր՝ 2000թ. ծնված դստերը ներգրավելու միջոցով:

Քննության տվյալներով՝ 52-ամյա տղամարդը 19-ամյա դստեր հետ համացանցից փնտրել և գտել են հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, որից հետո, ըստ դերաբաշխման, աղջիկը զանգահարել և հեռախոսը գնելու ցանկություն է հայտնել՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հանդիպման շուրջ: Հանդիպման ժամանակ հայրն առաջարկել է բջջային հեռախոսի համար վճարել ՌԴ ռուբլով, սակայն իրական թղթադրամների փոխարեն վճարել կեղծ՝ հուշանվեր թղթադրամներով:

Դեպքերի առթիվ հարուցվել է թվով 7 քրեական գործ, և որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 52-ամյա բնակիչը կատարել է այլ խարդախություններ և կեղծիքներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները, տարբեր բանկերի հետ կնքել է ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր և կեղծելով քաղաքացիների ստորագրությունը՝ ապառիկ կարգով ձեռք է բերել և խաբեությամբ հափշտակել տարբեր տեսակի տեխնիկա:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է քաղաքացիների անձնագրային տվյալների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև՝ բացահայտվել խարդախությունների ու կեղծիքների մի ամբողջ շղթա, դրանք կատարած անձանցից ևս երկուսի ինքնությունը և կատարման մեխանիզմը:

Այսպես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 52-ամյա տղամարդուն, ինչպես նաև ևս մեկ անձի՝ Էջմիածին քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչին, տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները տրամադրվել են Եղեգնաձոր քաղաքի՝ 1994 թվականին ծնված բնակչի կողմից, ով 2018 թվականի մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում աշխատել է Հայաստանում գործող հեռահաղորդակցության ընկերություններից մեկի վաճառքի և սպասարկման գրասենյակում՝ որպես ավագ մասնագետ:

Պարզվել է, որ վերջինս, ինչպես նաև վերոհիշյալ երկու անձինք և մի շարք անհայտ անձինք, օգտագործելով գրասենյակ դիմած հաճախորդների անձնագրային տվյալները, կեղծելով քաղաքացիների ստորագրությունը, տարբեր բանկերի հետ կնքել են ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր՝ ապառիկ կարգով ձեռք բերելով և խաբեությամբ հափշտակելով տարբեր տեսակի տեխնիկա: Այնուհետև, ըստ պայմանավորվածության, նրանք ձեռք բերված տեխնիկան վաճառել են և տնօրինել ստացված գումարը՝ այդ կերպ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում խարդախությամբ հափշտակված ապրանքների մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Եղեգնաձոր քաղաքի 25-ամյա բնակիչը, հանդիսանալով հեռահաղորդակցության ընկերության գրասենյակիդրամական միջոցների և գույքի նյութական պատասխանատուն, աշխատանքային գործունեության ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով և գործելով միասնական դիտավորությամբ, յուրացման եղանակով մաս-մաս հափշտակել է ընկերության կողմից իրեն վստահված դրամական միջոցներից 889.680 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ նշված գրասենյակում վաճառքի ենթակա ընդհանուր 2.947.347,02 ՀՀ դրամ արժողությամբ 73 անուն տարբեր տեսակի ապրանքներ՝ բջջային հեռախոսներ, հեռախոսային աքսեսուարներ, համակարգչի հակավիրուսային ծրագրի պարունակությամբ լազերային սկավառակ՝ արտոնագիր, շարժական ինտերնետի մոդեմ, շարժական քաղաքային հեռախոսի քարտ, բջջային հեռախոսաքարտեր՝ ընկերությանը պատճառելով ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 3.837.027,02 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասը, քննության տվյալներով, կազմում է ընդհանուր 21մլն. 621 հազար դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (29 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (16 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (1 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասով (12 դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (29 դրվագ):

Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ):

Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով(1 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (1 դրվագ), իսկ վերջինիս 19-ամյա դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ):

Եղեգնաձոր քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է չորս մեղադրյալի մասով նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Խարդախություններին մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть