ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։
Տեղեկությունների հիման վրա ներքին անվտանգության վարչության, փորձաքրեագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին հերթական անգամ երիտասարդից գումար վերցնելուց հետո 26-ամյա աղջիկը բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շորթման առարկա 50․000 դրամը։ Նույն օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց նաև մյուս աղջիկը, որը 21 տարեկան է։ Նրանք ձերբակալվեցին։ Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում շորթման հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է տարածքային քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։