Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։
Քաղավիացիայի կոմիտեի տարածած հայտարարությունում ասված է․
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։
Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը»:
Հիշեցնենք՝ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը հունվարի 8-ին Կիև թռքիչի ժամանակ կործանվել է Իրանի օդային տարածքում, վթարից զոհվել է 176 մարդ, որոնցից 82-ը իրանցիներ էին,63-ը՝ կանադացի, 11-ը ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներ, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։ Հունվարի 10-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, թե ապացույցներ կան, որ Թեհրանում ուկրաինական ինքանաթիռը կործանվել է Իրանի զինված ուժերի արձակած հրթիռներից, հավանաբար, սխալմամբ, ոչ միտումնավոր: Նույն կարծիքին էին Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում: Նշվում էր, որ լարված իրավիճակում, հնարավոր է, մարդատար ինքնաթիռը շփոթել են ռազմականի հետ․ օդանավի կործանման օրը Իրանն ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանության՝ հրթիռներ էր արձակել դեպի Իրաք՝ թիրախավորելով ամերիկյան զորքի տեղակայման վայրերը: Օրեր շարունակ տարածված հերքումներից հետո հունվարի 11-ին պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ ավիավթարը տեղի է ունեցել Իրանի զինված ուժերի մեղքով, սակայն՝ «ոչ միտումնավոր», օդանավը սխալմամբ «թշնամական թիրախ» է համարվել։