«Սա կարող է իրականություն դառնալ շուտով»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունը քննարկում է մասնագետների հետ։
Այլ մանրամասներ չհաղորդելով՝ նախարարը լուսանկարներ է հրապարակել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում տարածելով նախարար Հարությունյանի գրառումը՝ նշել է․
«Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները:
Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»։
Նշենք՝ 2003 թվականին Լինսի հիմնադրամի միջոցներով Հանրապետության հրապարակը վերանորոգելիս հայտնաբերվել է XVII դարին վերագրվող ստորգետնյա քաղաք։ Հրավիրված հնագետներին 12 օր ժամանակ է տրվել պեղումների համար։ Այդ ժամանակահատվածում քաղաքում հին հայկական Ուրարտու պետության ճարտարապետությունը հիշեցնող 4.5 մետր բարձրություն ունեցող սենյակներ են պեղվել՝ միմյանց կապող ներքին կամարներով, դռներով: «Այդքան կարճ ժամանակում հնարավոր չէր ամբողջությամբ ուսումնասիրել տեղանքը: Սակայն իշխանություններն ուզում էին արագ ավարտին հասցնել մայրաքաղաքի գլխավոր հրապարակի վերանորոգման աշխատանքները: Այն ժամանակ որևէ մեկին դուր չէր գա, որ այնտեղ հնագիտական օբյեկտ բացվեր, բոլորի համար դա բեռ էր, և մենք գործի ընթացքում արհեստական դժվարությունների էինք բախվում»,-ավելի վաղ «Սպուտնիկի» հետ զրույցում ասել է հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական գիտությունների թեկնածու Ֆրինա Բաբայանը:
Տարածքը փակվել է, ասֆալտապատվել։