2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 հազար դրամ։ Հանրապետությունում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում այդ մասին որոշում է ընդունել։
Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50 հազար դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150 հազար դրամ:
Այդպիսով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:
Հավելենք նաև, որ ծնողները միանվագ նպաստը ստանալու դիմում կարող են ներկայացնել առցանց։