Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդի կողմից տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութեր էր հրապարակվել, որում Mercedes մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդուն։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել Mercedes-ի վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեկտեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: