«Գյումրիի ավտոմաքսատունը այսօրվանից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք՝ գործադիրի ղեկավարն այսօր Գյումրիում հանդիպել է ավտոներկրողների հետ, ովքեր բողոքել են չափազանց մեծ հերթերից, ավտոմեքենաները մաքսազերծելու համար բավական երկար սպասելուց՝ վարչապետին խնդրելով, որ այս օրերին մաքսատունն աշխատի ավելի մեծ թափով: ՀՀ վարչապետն ի պատասխան նշել է, որ միայն այս տարվա դեկտեմբերին Հայաստան է բերվել այնքան ավտոմեքենա, որքան նախկինում՝ ամբողջ տարվա ընթացքում։ Այնուհետ նա այցելել է մաքսատուն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և բողոքների հիմնավորությունը ճշտելու համար: Վարչապետը սպասարկման կենտրոնի պատասխանատուներից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են դժգոհում մարդիկ, օրինակ՝ բողոքում են, որ տարածքում կան մեքենաներ, որոնք փաստաթղթային խնդիր չունեն, բայց տարածքից չեն գնում: Ի պատասխան ասել են, որ այդ մեքենաները փողոցում են, ոչ թե մաքսատան տարածքում՝ նշելով, որ մինչև ժ. 23:00-ն նորմալ կազմակերպում են աշխատանքը։