Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության (ԱՀ ՊՆ) մամուլի ծառայությունն անդրադարձել է նախօրեին տարբեր լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանն այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը:
Արցախի պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ միջադեպի իսկությունը ստուգելու համար անհապաղ նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել են միջադեպի բոլոր հանգամանքները:
ԱՀ ՊՆ-ից պարզաբանում են․
«Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կարգը սահմանված է ՊԲ հրամանատարի կարգադրությամբ: Զինվորական ծառայության անվտանգության ապահովման և զինծառայողների առողջությունը պահպանելու նկատառումներից ելնելով` սահմանված են այն առարկաներն ու պարենը, որոնց առաքումը զորամաս կտրականապես արգելվում է, այդ թվում արգելվում էնաև ծանրոցներում շուտ փչացող սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի առկայությունը:
Ստորաբաժանման հրամանատարը, հայտնաբերելով, որ, չնայած նախկինում իր հնչեցրած բազմաթիվ զգուշացումներին, զինծառայողների ծանրոցներում առկա են ալկոհոլային խմիչք և փչացած սննդամթերք, ցուցաբերել է անհարկի տաքարյունություն և արգելված ապրանքները սահմանված կարգով ոչնչացնելու փոխարեն, դրանք դուրս է նետել պատուհանից:
Հաշվի առնելով ստորաբաժանման հրամանատարի կողմից դրսևորած ոչ պատշաճ վերաբերմունքը տեղ գտած դեպքի կապակցությամբ, վերջինս՝ զորամասի հրամանատարի որոշմամբ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
ՊԲ հրամանատարությունը կատարվածի առիթով համապատասխան ցուցումներ է տվել ենթակա օղակի բոլոր հրամանատարներին հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ և հայցում է հանրության ներողամտությունը»: