«Մեր երեխաներին ընդգրկելով ներառական խումբ, որտեղ կա 30 երեխա և ընդամենը 2 դաստիարակ կբերի նրանց վիճակի վատթարացման, քանի որ նրանք չեն ստանա անհրաժեշտ խնամքն ու պարապմունքները հատուկ մասնագետների կողմից, իսկ ծնողների կողմից տնային պայմաններում հատուկ պարապմունքները ապահովվելը անհնարին է աշխատող ծնողների համար ժամանակի առումով, իսկ չաշխատող ծնողների՝ ֆինանսական»,-այդ մասին բարձրաձայնում են թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբեր հաճախող շուրջ 24 երեխաների ծնողները, ովքեր այսօր ՀՀ վարչապետին ուղղված նամակ են հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«2020թ.-ի հունվար ամսվանից պետության կողմից ֆինանսավորում չստանալու պատճառով մանկապարտեզի նշված խմբերն այլևս չեն գործելու:
Հարգելի՛ պարոն վարչապետ, դիմում ենք Ձեզ և կառավարությանը մեզ օգնելու համար:
Նշված մանկապարտեզում գործում է 3 խումբ, ամեն խմբում 8 երեխա, որոնք ունեն ֆիզիկական և մտավոր խնդիրներ:
Մեր երեխաները մանկապարտեզում ստանում են հատուկ խնամք, որը պահանջում է անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային՝ նեղ մասնագետների կողմից: Դիմումներ ենք ուղարկել Առողջապահության նախարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, բայց արդեն 2 ամիս է նշվածներից ոչ մեկը հետադարձ պատասխան դեռ չի տվել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ անցում ենք կատարում ներառական կրթության: Հայտնում ենք Ձեզ, որ մեր խմբի երեխաները պարբերաբար տարբեր միջոցառումների և պարապմունքների շրջանակում ներառվում են մանկապարտեզի մյուս երեխաների հետ, ովքեր չունեն անհատական մոտեցման կարիք: Հաշվի առնելով մեր երեխաների առանձնահատկությունները հասկանալի է դառնում, որ մեր երեխաներին ընդգրկելով ներառական խումբ, որտեղ կա 30 երեխա և ընդամենը 2 դաստիարակ կբերի նրանց վիճակի վատթարացման, քանի որ նրանք չեն ստանա անհրաժեշտ խնամքն ու պարապմունքները հատուկ մասնագետների կողմից, իսկ ծնողների կողմից տնային պայմաններում հատուկ պարապմունքները ապահովվելը անհնարին է աշխատող ծնողների համար ժամանակի առումով, իսկ չաշխատող ծնողների՝ ֆինանսական: Խնդրում ենք Ձեզ մեր նամակին տալ համապատասխան ընթացք և ընդառաջել մեր 24 երեխաներին, որոնք իրոք ունեն այդ մանկապարտեզ հաճախելու կարիքը»:
Ծնողները նամակին կից նաև տեսանյութ են տարածել։