Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել - RadioVan.fm

Онлайн

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել

2019-12-24 12:44 , Право, 1551

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման hանձնաժողովը 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում գումարել է 4 նիստ և կայացրել է 7 որոշում։ Հանձնաժողովից հայտնում են, որ հարուցել են երկու վարույթ, որոնցից մեկը Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

«2019 թվականի դեկտեմբերի 05-ին armlur.am, yerevantoday.am, antifake.am, tert.am, 168.am, news.am, zham.am և մի շարք այլ ինտերնետային լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ մասնավորապես նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն։

Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017թ. հունիսի 9-ի ՀՕ-96-Ն ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ կարող է վարույթ հարուցել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

Ուսումնասիրելով լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և օրենսդրական դրույթները՝ Հանձնաժողովը գտնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանձնաժողովը

ՈՐՈՇԵՑ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առևերույթ խախտման հիմքով հարուցել վարույթ։

Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»,- տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման hանձնաժողովի հրապարակած որոշումներից մեկից։

Մեկ այլ որոշմամբ էլ Հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքները, կանոնները խախտելու վերաբերյալ դիմումը չի քննել։

Որոշումից տեղեկանում ենք

«2019 թվականի դեկտեմբերի 9-ին Հանձնաժողովը ստացել է Վահագն Մնացականյանի դիմումը, որտեղ դիմումատուն ներկայացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման վերաբերյալ տվյալներ։ Էթիկայի կանոնների խախտման առիթով Հանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրել է վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում: 2019 թվականի դեկտեմբերի 5-ին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքները (բարեկրթություն և հարգալիրություն)/վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ դիմումատուն ներկայացրել է 2019 թվականի հուլիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցի ժամանակ օգտագործած արտահայտությունները։ Դիմումատուն ընդունել է, որ իր կողմից դիմումը ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետները խախտվել են։ Վերջինս պնդել է նաև, որ 2019 թվականի հուլիսին գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ինքը դիմում չի ներկայացրել, քանի որ համարել է, որ վերջինս հակասահմանադրական մարմին է։ Չնայած այս հանգամանքին՝ դիմումատուն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության սահմանադրականության հարցն իրավասու որևէ մարմնի առջև 2019 թվականի հուլիսից նոյեմբեր ամիսների ընթացքում չի բարձրացրել։ Ուսումնասիրելով ներկայացրած դիմումը՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել դիմումն առանց քննության թողնելու մասին՝ հաշվի առնելով, որ մեկ այլ մարմնի գործունեության սահմանադրականության հարցի վերաբերյալ Հանձնաժողովն իրավասու չէ որոշում կայացնել, իսկ օրենքով սահմանված ժամկետները վերականգնելու այլ հիմքեր դիմումատուն չի ներկայացրել»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործունեությունը սկսել է նոյեմբերի 26-ից։ Այն բաղկացած է հինգ անդամից, 2-ը՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են, մեկը՝ իշխող «Իմ քայլի», իսկ մյուս երկուսը իշխանության գործադիր և դատական ճյուղերն են ներկայացնում:

Հանձնաժողովը նախագահում է Հայկուհի Հարությունյանը, որի թեկնածությունը առաջադրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ։

Лента

Рекомендуем посмотреть