Հանրապետության հրապարակում տեղի է ունենում գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը:
Բոլոր երևանցիներին և հյուրերին ողջունեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա խոստացավ, որ նոր՝ 2020 թվականը իր հետ բազում ծրագրեր է բերելու, որոնք բոլորը իրականություն են դառնալու, իսկ Երևանի քաղաքապետարանը կանի հնարավորը՝ երևանցիների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Հայկ Մարությանի խոսքից հետո Երևանի սրտում մեկնարկեցին միջոցառումները՝ տոնական ներկայացում-մյուզիքլով։ Նախատեսված է նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացման արարողություն, որն այս տարի կգործի Երևանի 2750-ամյակի պուրակում:
Այսօրվանից սկսած, 16 օր շարունակ, միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում: Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի և այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ:
Բացի այդ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն, իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում, որի ժամանակ Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:
35 մետր բարձրություն ունեցող տոնածառը Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 2018 թվականին: Այն արժեցել է 70 մլն դրամ:
Հիշեցնենք, որ այս տարի Երևանում ամանորյա տոնակատարությունների համար ծախսվելու է մոտ 424 մլն դրամ կամ 893 հազար դոլար, որից 54 մլն դրամ տրամադրվել է Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում իրականացվող միջոցառումների համար:
Միջոցառման ընթացքին կարող եք հետևել՝ ուղիղ հեռարձակմամբ: