«Մեզ լուրեր են հասել, որ «Նաիրիտ» գործարանի գույքը մաս-մաս վաճառում են՝ շենքի անվտանգության և պահպանման ծախսերը հոգալու պատրվակով, ինչը նշանակում է, որ կորուստներն անդառնալի են լինելու։ Մի՞թե մենք միջոցներ չունենք նման ռազմավարական նշանակության գործարանի անվտանգությունը պետական բյուջեի միջոցներով ապահովելու համար»,-այս մտահոգությամբ այսօր կառավարության շենքի առջև էին հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները, որոնց միացել էին նաև գործարանի նախկին աշխատակիցները։
Ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում են «Նաիրիտ» ՓԲԸ-ի անվտանգության միջոցառումների ծախսային բեռը հանել ընկերության ուսերից՝ այն իրականացելով պետական միջոցների հաշվին՝ մինչև գործարանը վերագործարկելու համար ներդրող գտնվի, ինչպես նաև գործարանի վերագործարկման ծրագիրն ընդգրկել տնտեսական զարգացման օրակարգ՝ ներդրումային այլ նախագծերի հետ մեկտեղ առաջ քաշելով նաև դա։
«Կառավարությունը սիրում է խոսել տնտեսական հեղափոխությունից, եթե նման բան իրականում ցանկանում են իրականացնել՝ ապա «Նաիրիտ»-ի վերագործարկումը շատ լավ առիթ է և կլինի դրա լավագույն ապացույցը»,-ընդգծեցին ակցիայի մասնակիցները։
«Եթե «Նաիրիտ»-ըկանգնած է՝ Էս փոքր բուդկաներով, տնտեսություն չենք զարգացնելու, մի քանի տուրիստի գնալ-գալով տնտեսություն չենք զարգացնելու,-նկատեց «Կամք»-ի առաջնորդ Վահագն Չախայլանը՝ ընդգծելով,-թույլ չենք տալու «Նաիրիտը» ափաշքյարա թալանվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան