Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով:
Ոստիկանությունից հայտնում են, որ Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչը, որը ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկի ծառայող է, դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Դաշտաքար գյուղից 2 կմ հեռու «Կոթոբուլախ» կոչվող վայրում, իր օրինական ակոսափող հրազենով որսացել է բեզոարյան այծին։
Այնուհետև մորթել և իր մեքենայով տեղափոխել է Ազատավան գյուղի իր ծանոթի տուն՝ մորթին մշակելու նպատակով: Դեկտեմբերի 15-ին ոստիկանը ներկայացել է Արտաշատի բաժին, տվել խոստովանական բացատրություն ու ներկայացրել հրազենը:
Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվող նյութերին զուգահեռ, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։
Հանգամանքները պարզվում են։