Պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների․ Փաշինյան

2019-12-13 15:52 , Политика, 1307

Պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների․ Փաշինյան

«Երեկ տեղի է ունեցել շատ կարևոր և պատմական իրադարձություն` Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև»,-այս մասին այսօր Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով ԱՄՆ Սենատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Վարչապետը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր է հղել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր, պատմական որոշման կայացման գործում:

Վարչապետը շնորհավորել է հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և գործընթացը բերում է նոր մակարդակի:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն, ըստ Փաշինյանի, նաև ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման կարևոր բաղադրիչ է, ինչպես նաև՝ անվտանգային բաղադրիչ Հայաստանի համար:

«Ինչպես ՀՀ նախկին բոլոր կառավարությունները, այնպես էլ մեր կառավարությունն արձանագրում է, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Ընդ որում, մենք ասել ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ՝ իմ նշած գործառույթների շրջանակում, որպեսզի վերանայի իր դերակատարումը տարածաշրջանում, որը, ցավոք սրտի, այսօր որոշակի պատմական աղերսներ է ստանում 20-րդ դարասկզբի և ավելի վաղ շրջանի իրադարձությունների հետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների Սենատը երեկ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևը։ Ընդունված բանաձևն ընդգծում է`ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։

Միացյալ Նահանգների Սենատի կողմից թիվ 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, երեկ տարածած հայտարարությամբ ընդգծել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»,-Արտգործնախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը:

Лента

Рекомендуем посмотреть