«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը չի երկարաձգվելու: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Պաշտպանական գերատեսչությունն այլևս նպատակահարմար չի համարում, նախարար Դավիթ Տոնոյանի ձևակերպամամբ, «խրախուսական համարվող oրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումը այն նույն պայմաններով, որոնք այս պահին գործում են»։
Գործող կարգը, նշենք, հնարավորություն էր տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից։
Նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսևորված խրախուսական ակտ, որը փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, ինչը, Տոնոյանի համոզմամբ, արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած, Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ»:
Չնայած օրենքի երկարաձգում չի լինելու, բայց այն շարունակում է ուժի մեջ մնալ մինչև դեկտեմբերի 31-ը՝ հստակեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա դիմել պարտադիր զինծառայությունից խուսափածներին․ «Մինչ հունվարի մեկը օրենքը ուժի մեջ է, և այն սիրելի հայրենակիցները, ովքեր համարում են՝ լավ չի, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս առնել, այս բոլոր պրեցոդուրաները անցնել և Նոր տարին էլ Հայաստանում նշել»:
Նշենք՝ ավելի վաղ ՀՀ զինվորական դատախազությունն էր հանդես եկել զգուշացմամբ, որ այս տարվա դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի այն քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում, կարող են օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից և կանգնել զինվորական հաշվառման:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը