«Կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն»,-այս մասին տարածած հայտարարությունում շեշտում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունը՝ անդրադառնալով Սուրեն Աղասի Մանուկյանի՝ ֆեյսբուքյան այն գրառմանը, ը, թե օդանավակայանից հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդն ուղևորից պահանջել է 34 000 դրամ:
Նշենք՝ երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ցեղասպանության համեմատական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սուրեն Աղասի Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ գրելով․
«Սա կտրոն է, որ տրվել է Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու Զվարթնոց օդանավակայանից Մարրիոթ բերելու համար: Ու տաքսիստն էլ ինչ-որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից: Ես վաղուց այդ տաքսիներից չեմ օգտվում, բայց կարծում եմ, սա ոչ թե նախընտրության հարց է, այլ Հարկայինի զբաղվելու թեմա: Նշում եմ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ին, որ փորձենք միասին հասկանալ, ինչ կարելի է անել, քանի որ իմ մոտ լրիվ «իսպանական ամոթ» է, երբ որ դու ոչ մի բանում մեղավոր չես, բայց ուրիշի փոխարեն ահավոր անհարմար ես զգում»:
Կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն՝ նշում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ պարզաբանելով, որ իրենք ս․թ․ փետրվարի 1-ից աշխատում են կոնկրետ տաքսի ծառայության հետ, և լուսանկարում երևացող կտրոնը չի պատկանում այդ ընկերությանը։
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար:
Հարգելի՛ ուղևորներ, Ձեզ ևս հորդորում ենք օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար»,-նշված է «Զվարթնոց»-ի տարածած հայտարարությունում։