Մոսկվայի Հակադոպինգային լաբորատորիայի կողմից միջազգային գործակալությանը շարունակաբար խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու պատճառով Ռուսաստանի Դաշնությունը 4 տարով կզրկվի միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից:
«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին քիչ առաջ միաձայն ընդունված որոշմամբ հստակեցրել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն։
Համաձայն որոշման՝ ռուս մարզիկները զրկվում են օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու իրավունքից, իսկ Ռուսաստանում չեն կարող անցկացվել միջազգային մրցումներ։
Նշենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունը կոչ էր արել արգելել ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Գործակալության ղեկավար Տայգարտը համաշխարհային հակադոպինգային գործակալությանը հորդորել էր ռուս մարզիկներին, առհասարակ, զրկել առաջիկա տարիներին միջազգային որևէ մրցաշարիմասնակցելու իրավունքից։
Նշենք՝ ռուս մարզիկների շուրջ ծագած դոպինգ-սկանդալի առանցքային անձանցից մեկը Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովն է, որը 2016 թվականի հունվարին տեղափոխվելով ԱՄՆ՝ Ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Ռուսաստանում դոպինգի կիրառումը պետական աջակցություն է ստանում։
Միջազգային օլիմպիական Կոմիտեի հետաքննություն արդյունքում 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցած ռուսաստանցի մարզիկները, որոնք ֆենոմենալ արդյունքներ էին ցույց տվել` նվաճելով 33 մեդալ, որոնցից 13–ը` ոսկի, զրկվեցին մեդալներից՝ արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով։ Դրա հետևանքով Ռուսաստանի հավաքականը այդ խաղերում թիմային հաշվարկում 1-ին հորիզոնականից իջավ 3-րդ հորիզոնական: Բացի այդ, Ռուսաստանի հավաքականը զրկվեց 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։