Առաջարկվում է ներդնել նոր հարկատեսակ՝ աշխատողներից 4-6% գանձելով որպես առողջապահության հարկ - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է ներդնել նոր հարկատեսակ՝ աշխատողներից 4-6% գանձելով որպես առողջապահության հարկ

2019-11-29 18:24 , Политика, 1485

Առաջարկվում է ներդնել նոր հարկատեսակ՝ աշխատողներից 4-6% գանձելով որպես առողջապահության հարկ

Հայաստանում առողջապահության ապահովագրումը պարտադիր ու համապարփակ դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը։

Ըստ այդմ՝ նախատեսվում է առողջապահության ապահովագրությունը 2022 թվականից դարձնել պարտադիր և աշխատող անձանց եկամտի 4-6%-ը գանձել որպես առողջապահության հարկ։

Նախագծում նշում է, որ առողջապահական «համակարգի արդյունավետության բարձրացման քայլերը չեն համապատասխանում պետության կողմից հատկացվող ֆինանսավորմանը, իսկ բնակչության կողմից կատարվող ծախսերը մեծամասամբ անկառավարելի և անկանխատեսելի են, քանզի կատարվում են միայն առողջական խնդիրների առաջացման դեպքում: Նույնիսկ տնտեսական ճգնաժամերի պայմաններում առողջապահական ծախսերը ոչ միայն չեն նվազել, այլ ընդհակառակը, շարունակել են կայուն տեմպերով աճել, մինչդեռ պետական ծախսերը դրան համաչափ չեն աճել, այլ նվազել են, հասարակության զգալի հատվածի թողնելով դեմ առ դեմ առողջապահական աղետալի ծախսերի հետ»: Հետևաբար, ըստ նախագծի մշակողների, սահմանափակ ռեսուրսների պայմաններում «առողջապահական ծախսերի ամբողջ ծավալով ապահովումը դարձել է հրամայական»։

Նախագծի 111-րդ կետում նշվում է, որ առողջության հարկի հաշվարկման սկզբունքները հիմնված են գործող հարկային քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա. «Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021թ.-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա»:

«Սա սոցիալական ապահովության համակարգ է և ոչ՝ ֆինանսական շուկաների զարգացման»,-նշում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ֆեսբուքյան ուղիղ եթերներում անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության հեղինակած նախագծին։

Հավելենք, որ նախագիծը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև ս․թ․ դեկտեմբերի 9-ը։ Նախարար Թորոսյանը վստահեցնում է՝ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և գործադիրի հավանությանը ներկայացնելու ժամանակ։

Лента

Рекомендуем посмотреть