Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի՝ 1957թ. ծնված բնակիչը՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց հողամասում գործ անելու ժամանակ:
«Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 12.00-ի սահմաններում, Արևիկ գյուղից Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի աջակողմյան դաշտում, Արմավիրի մարզի 62-ամյա բնակչի և վերջինիս 45-ամյա համագյուղացու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որիժամանակ վերջինս իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45մմ տրամաչափի ինքնաձիգով կրակել է 62-ամյա տղամարդու ոտքին՝ պատճառելով վնասվածք:
Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վիճաբանություն է սկսվել նաև վիճաբանության մասնակիցների կողմնակիցների միջև, ովքեր դեպքի վայր էին եկել նրանց հետ: Միաժամանակ, պարզվել է նաև, որ միջադեպի մասնակիցները մահակներով կոտրել են դեպքի վայրում գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և կողային ապակին՝ ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառելով գույքային վնաս: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
62-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 5,45մմ տրամաչափի ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ավտոմեքենայի կոտրված ապակիներ և արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները: Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, վիճաբանությանը մասնակիցներին և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,-ասված է Քննրական կոմիտեի տարածած հաղորդագրությունում: