Անհայտ հանգամանքներում ՄԻԱՎ-ով վարակված փոքր աղջկա բուժման մեջ զգալի առաջընթաց է նկատվում։ Նրա կյանքին այժմ ոչինչ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի նախկին խոսնակ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը։
Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ այդ դեպքի հետ կապված երկու կարեւոր հարց կա․ առաջինը՝ որտեղ, երբ եւ ինչպես է երեխան վարակվել, երկրորդը՝ ինչպես նրան բուժել։ Առաջին հարցին, Բաբլոյանի խոսքերով, պետք է պատասխանեն իրավապահ մարմիններն ու փորձագետները, որոնք այդ ուղղությամբ արդեն աշխատում են։ Երկրորդ հարցով զբաղվում են «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկները։
Ինչպես նշեց Բաբլոյանը, աղջիկը, դատելով ամեն ինչից, բավական վաղուց է հիվանդացել։ Մայիսին նրա վիճակը վատացել է, նա սկսել է քաշը կորցնել, հրաժարվել սննդից։ Եթե նախկինում նա քայլել է, ապա այդ ժամանակ դադարել է ոչ միայն քայլել, այլեւ նստել։ Օգոստոսի 20-ին աղջկան ծանր վիճակում բերել են հիվանդանոց, եւ բավական արագ բժիշկները նրա մոտ իմունոդեֆիցիտ են կասկածել, իսկ շուտով անալիզները հաստատել են նրանց մտավախությունները։ ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի կենտրոնի գործընկերների հետ համատեղ նրանք նաեւ որոշել են, թե ինչպիսին է աղջկա վիրուսային ծանրաբեռնվածությունը։
Այժմ աղջիկը բուժում է ստանում, նրա իմունային համակարգը նկատելիորեն ամրացել է վերջին շաբաթներին, շատ ցուցանիշներ սկսել են լավանալ։
Արա Բաբլոյանը նաեւ նշեց, որ իրենք գործըկերների հետ միասին աղջկա անալիզներն ուղարկել են Ավստրիայի կլինիկաներից մեկը, որտեղ միանշանակ պատասխան կտան՝ կա՞ արդյոք աղջկա մոտ իմունոդեֆիցիտի ի ծնե խնդիր, թե՞ այն նրա մոտ ձեռքբերովի է։ Բանն այն է, որ սա ամենահասարակ դեպքը չէ, եւ ՄԻԱՎ-ի ոչ բոլոր թեսթերն են աղջկա մոտ դրական՝ հետազոտությունների որոշ մեթոդներ նաեւ բացասական արդյունք են տվել։
Հիշեցնենք, որ փոքրիկ աղջիկը, որի մոտ ՄԻԱՎ-վարակ է հայտնաբերվել, բուժվել է երկրի շատ բժշկական կենտրոններում, եւ դեռեւս անհայտ է, թե որտեղ եւ ինչպես է նա վարակվել։ Երեխայի ծնողների մոտ ՄԻԱՎ չի հայտնաբերվել։
Հիշեցնենք նաեւ, որ հոկտեմբերի 16-ին Արաբկիրի ոստիկանական բաժանմունքը տուժած աղջկա տատիկից հայտարարություն էր ստացել այն մասին, որ անչափահաս երեխայի մոտ օգոստոսից մինչեւ հոկտեմբերի 11-ը պարբերաբար ջերմություն է գրանցվել։ Նա հոսպիտալացվել էր «Արաբկիր» ԲԿ, որտեղ նրա մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել։ Մինչ այդ պահը ո՛չ երեխայի, ո՛չ էլ նրա ծնողների մոտ ՄԻԱՎ չէր եղել։
Հայաստանի Քննչական կոմիտեն հետաքննում է ՄԻԱՎ-ով փոքրիկ աղջկա վարակվելու հանգամանքները։ Քրեական գործ է հարուցվել 123 հոդվածի 2-րդ կետի 3-րդ մասով։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։