ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված 660 դատապարտյալներից և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հաշվառված 2833 շահառուներից 2019 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ գլխավոր դատախազությունից նշեցին, որ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար եւ որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսեւորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ:
«Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով կազմվել եւ ոստիկանություն է ուղարկվել արդեն իսկ պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
2018 թվականի նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը միաձայն ընդունել էր «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծով համաներումովպատժից ազատ են արձակվել` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք, համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին;
2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց;
3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք;
4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձինք;
5) 60 տարին լրացած անձինք:
Օրենքը տարածվել է հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում տարածվել է նաև այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: