Հայաստանցի սպառողը պաշտպանված չէ սննդում առկա հակաբիոտիկներից - RadioVan.fm

Онлайн

Հայաստանցի սպառողը պաշտպանված չէ սննդում առկա հակաբիոտիկներից

2019-11-19 17:45 , Общество, 1949

Հայաստանցի սպառողը պաշտպանված չէ սննդում առկա հակաբիոտիկներից

Հակաբիոտիկների նկատմամբ կայունություն մարդու օրգանիզմը կարող է ձեռք բերել ինչպես այդ դեղամիջոցների օգտագործման հետևանքով, այնպես էլ սննդում առկա հակաբիոտիկների հետևանքով։ Հայաստանցի սպառողն այսօր պաշտպանված չէ նման ռիսկից, նույնիսկ բավարար չափով իրազեկված չէ խնդրի, դրա հետևանքների ու այն կանխարգելող միջոցների մասին։

Մինչդեռ պետք է հստակ իմանալ և գիտակեցել, որ հակաբիոտիկների տեղի-անտեղի օգտագործումը, դրանց՝ մարդու օրգանիզմ ներթափանացումը առաջացնում է կայունություն հակամանրէային մարմինների նկատմամբ, խնդրին լուծում չտրվելու դեպքում մի քանի տարի անց բազմաթիվ մարդիկ կարող են մահանալ տարբեր հիվանդությունների հետևանքով, քանի որ հակաբիոտիկներն այլևս արդյունավետ չեն լինի դրանց բուժման համար։

«Քանի դեռ հայաստանցի սպառողի համար որակի չափանիշ է ու բրենդ է տնականը, մենք միշտ բախվելու ենք այս խնդրին։ Մինչդեռ պետք է հիշել, որ տնականը չիվերահսկվում»,-Panorama.am-ի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նրա խոսքով, անասնապահությամբ զբաղվող գյուղացին սովորաբար առաջնորդվում է կենդանին կորցնելու վախով ու հակաբիոտիկն օգտագործում է ինչպես կանխարգելիչ ու պրոֆիլակտիկ,այնպես էլ բուժման նպատակներով։

Եթե կենդանին մի փոքր վատ է զգում, ապա առաջին հերթին հակաբոտիկ են ներարկում, իսկ դրանից հետո էլ չեն պահպանվում այն ժամկետները, որոնք անհրաժեշտ են մնացորդային նյութերը կենդանու օրգանիզմից դուրս գալու համար։

Կամ օրինակ, կանխարգելիչ նպատակով տետրացիկլինով շաղախված կերով սնված տնական հավերի ձուն հակաբիոտիկ է պարունակում, իսկ«առողջ ու անվտանգ» ձու գնած սպառողն այդպես էլ չի իմանում դեղամիջոցի օգտագործման մասին։ Բայց սա չի նշանակում, որ ընկերությունների արտադրանքում հակաբիոտիկներ չկան։

Այս պահին Հայաստանի ամբողջ տարածքով իրականացվում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթ, այն կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը։ Արշավի ընթացքում հանդիպումներ կլինեն ինչպես պրակտիկ անասնաբույժների, այնպես էլ ուսանողների հետ, քննարկումներ կլինեն նաև ֆերմերների հետ։

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով ցանկանում է սահմանափակել հակաբիոտիկների վաճառքը, նախատեսվում է նաև անասնաբույժների լիցենզավորում։ Հենց նրանց է վերապահվելու հակաբիոտիկների նշանակման ու դուրսգրման իրավունքը։ Սննդի անվտանգության տեսչական մարմնում այս նախաձեռնությունը շատ են կարևորում։

ԵՄ տարածք ձուկ և մեղր արտահանելու հնարավորություն ունենալու համար միության հետ պայմանավորվածության համաձայն, ամեն տարի պետք է մոնիտորինգի ենթարկվեն Հայաստանում արտադրված ձուկն ու մեղրը։ Այս տարի դրանց կավելանա նաև կաթն ու միսը, նմուշառումները կարվեն արտադրողների մոտից։ Հակաբիոտիկները սննդում հայտնվում են նաև կերերի միջոցով։

«Վերջին ուսումնասիրության արդյունքները բավականին հուսադրող են։ Այս տարվա մոնիտորինգի համար նոր է նմուշառումը կատարվում։ Այս առումով շատ կարևոր է խոսել ոչ թե վտանգի, այլ ռիսկի մասին, բայց դրա համար պետք է ունենալ կառավարության կողմից նշանակված ռիսկերի գնահատման գիտական կենտրոն, որն այս պահին չունենք։ Ռիսկի գնահատումը հիմնվում է, թե ինչ հաճախականությամբ ու քանակությամբէ սպառողն օգտագործում տվյալ մթերքը, որում առկա է հակաբիոտիկը»,-ասաց Ավետիսյանը։

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց՝ իրենց հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են նույնիսկ արգելված հակաբիոտիկներ։ Կենտրոնի մասնագետներն իրականացրել են Հայաստանում արտադրված կենդանական ծագում ունեցող մթերքներում՝ ձուկ, մեղրիժ ու թռչնամիս, առկա հակաբիոտիկների ռիսկի գնահատում։

«Բոլոր այս սննդամթերքներում մենք հայտնաբերել ենք հակաբիոտիկներ, նույնիսկ արգելված հակաբիոտիկներ։ Ձկան և մեղրի մեջ հայտնաբարել ենք նիտրոֆուրան, իսկ թռչնամսում՝ քլորաֆենիկոլ։ Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք հանրային առողջապահական ռիսկ չեն պարունակում։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է մեր ձեռքերը ծալած նստենք»,-ասաց սննդագետը։

Ուսումնասիրվել է նաև ներմուծված թռչնամիսը։ Պիպոյանի խոսքով, Հայաստանում արտադրված թռչնամիսը շատ ավելի քիչ է հակաբիոտիկներ է պարունակում, քան ներմուծվածը։

«Ավելին ասեմ, Հայաստանում արտադրվածի մեջ գրեթե խախտումներ չենք հայտնաբերել, խախտումները մեծամասամբ եղել են ներկրված թռչնամսում»,-նշեց նա։

Նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ հակաբիոտիկներ պարունակող սննդամթերքը չի կարող արտահանվել։

«Հետաքրքրիր է, որ այն անտիբիոտիկները, որ մենք հայտնաբերել ենք ձկան մեջ, վերջերս Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից արտահանված ձկնամթերքը հետ ուղարկեց հենց այդ հակաբիոտիկների պատճառով։ Այսինքն միշտ չէ, որ հանրային առողջապահական ռիսկի բացակայությունը խոսում է սննդի անվտանգ լինելու մասին»,-մանրամասնեց նա։

Պիպոյանը, ով հաճախ է մասնակցում միջազգային համաժողովների, նշում է, հիմա ԵՄ-ն հակամանրէային ազդեցություն ունեցող այլ բաղադրիչների ակտիվ փնտրտուքների մեջ են, որպեսզի հակաբիոտիկների օգտագործումը հասցվի նվազագույնի։ Եվրոպացի փորձագետներն առաջարկել են, որ անասաբուժության ու մարդաբուժության դեպքում հակաբիոտիկների տարբերակում մտցնել, որպեսզի հակամարմինները դրանց նկատմամբ կայունություն ձեռք չբերեն։

Նա ցավով է փաստում, որ Հայաստանում սննդի արտադրության ոլորտում առավել առողջ, առավել քիչ հակաբիոտիկներ, հավելումներ պարունակող սնունդ արտադրելու հարցում մրցակցություն չկա, ինչպես արևմտյան երկրներում է։ Պատճառը նաև սպառողի անտեղյակությունն է, պարենի գին ու եկամուտ հարաբերությունը, հանրային պահանջի բացակայությունը։

«Մենք ահռելի ճանապարհ ունենք անցնելու, մեր տնտեսությունները մանր են, ֆերմաները փոքր են, պրոֆեսիոնալ անասնապահություն չի վարվում։ Հայաստանը, ճիշտն ասած, 21-րդ դարի տնտեսությությունից շատ հեռու է, այստեղ հարկավոր է պետական ռազմավարություն, անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկները պետք է լինեն դեղատոմսերով, որպեսզի հնարավոր լինի պատշաճ վերահսկողություն իրականացնել։ Եթե ընդունվի օրենքը ու չլինի պատշաճ գործիքակազմ, ապա որևէ արդյունք չենք ունենա։ Իրավական ակտն ու գործիքակազմը լրիվ տարբեր բաներ են»,-մանրամասնեց կենտրոնի տնօրենը։

Նա խորհուրդ է տալիս գնել այնպիսի սննդամթերք, որը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, ունի համապատասխանության գնահատում,մակնշված ու փաթեթավորված է։

Лента

Рекомендуем посмотреть