ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։
Հիշեցնենք՝ Սամվել Դևելյանը զոհվել էհոկտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից:
Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված հրշեջ-փրկարարի աճյունը հողին է հանձնվել զինվորական կարգով։