Տարիներ շարունակ մայրաքաղաքի «Վերնիսաժի» տարածքում կենցաղային քիմիայի, կենդանիների, աուդիո/վիդեո արտադրանքի առեւտրով զբաղվողները տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո կզրկվեն այդ իրավունքից: Արդեն պատրաստ է «Երևանի Փ.Բուզանդի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող ցուցահանդես-վաճառքի կենտրոնում առևտրային գործընթացի կազմակերպմանը ներկայացվող պայմանները սահմանելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, համաձայն որի՝ բարեկարգման աշխատանքներից հետո «Վերնիսաժում» կարգելվի վաճառել նաեւ գյուղատնտեսական և պարենային մթերքներ, պարֆումերիա, ծխախոտային արտադրանք, համակարգչային տեղեկատվական կրիչներ, կենցաղային տեխնիկա, դեղորայք եւ բժշկական նշանակության ապրանքներ:
Հիշեցնենք՝ քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ հուլիսի մեկից սկսած «Վերնիսաժում» արգելվեց նաեւ օգտագործված իրերի, հագուստների ու կենցաղային պարագաների վաճառքը։
Երեւանի քաղաքապետարանը, նշենք, շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է մինչև օգոստոսի 24-ը ներկայացնել նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ՝ դրանք ուղարկելով Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) հետադարձ կապի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով, բացի այդ նաև գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Իսկ հանրային քննարկումների շրջանակում՝ օգոստոսի 24-ին` ժամը 17:00-ին, Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: