Հայաստանն առաջատար դիրքերում է արևային էներգետիկայի ոլորտում. արդեն շահագործման է հանձնվել 10 կայան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանն առաջատար դիրքերում է արևային էներգետիկայի ոլորտում. արդեն շահագործման է հանձնվել 10 կայան

2019-11-11 19:39 , Экономика, финансы, 1741

Հայաստանն առաջատար դիրքերում է արևային էներգետիկայի ոլորտում. արդեն շահագործման է հանձնվել 10 կայան

Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքների արդյունքում զգալի արդյունքներ են գրանցվել: Հայաստանն առաջատար դիրքերում է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը նշեց, որ 2015 թվականին մեկնարկել է արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման ծրագիր Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ընտրվել է 6 տեղանք, որոնց համար իրականացվել է արևային կայան կառուցելու տեխնիկատնտեսական հիմնավորում: Իսպանական կազմակերպությունը համապատասխան ուսումնասիրություն է կատարել ու կազմել Հայաստանում արևի ատլասը: Ըստ դրա՝ Հայաստանում միջինում 1 քմ -ին բաժին է ընկնում տարեկան շուրջ 1700 կՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը կրկնակին է եվրոպական երկրների համեմատ: Հայաստանում լինում է տարեկան շուրջ 300 արևային օր:

«Այս ցուցանիշները, իրականացրած աշխատանքները ցույց տվեցին, որ վերջին 2-3 տարում Հայաստանում մեծ թափով զարգացավ արևային էներգետիկան: Ընդունվել է բավական առաջադիմական օրենսդրություն: Վերջին տարիներին տրամադրվել է 39 լիցենզիա մինչև 5 մգՎտ արևային կայան կառուցելու համար, որի ընդհանուր գումարը կկազմի 110 մգՎտ: Արդեն շահագործման են հանձնվել 10 արևային կայաններ: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին փոքր արևային կայանների հզորությունը կարող է հասնել մինչև 220 մգՎտ-ի»,-ասաց Կարեն Ասատրյանը:

Օրենսդրության համաձայն՝ սեփական կարիքների համար ֆիզիկական և իրավաբանական անձինք նույնպես կարող են տեղադրել արևային համակարգեր: Ֆիզիկական անձինք մինչև 150 կՎտ, իրավաբանական անձինք մինչև 500 կՎտ հզորությամբ կայան կարող են տեղադրել, ինչը հնարավորություն ունի աշխատելու էլեկտրական ցանցին զուգահեռ: Օրենսդրական համապատասխան պայմաններ ապահովելուց հետո զգալի աճ տեղի ունեցավ: Գործարկվեցին ցանցի հետ զուգահեռ աշխատող 1500 արևային կայաններ՝ գումարային 23 մգՎտ հզորությամբ:

«Այս ոլորտում հիմնադրամը նաև արդյունաբերական ծրագիր է իրականացնում: Վերը նշված վեց տեղանքներից մեկում իրականացրել ենք միջազգային մրցույթ, ընտրվել է հաղթող, որը կկառուցի 55 մգՎտ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արևային կայան: Այն լինելու է տարածաշրջանում առաջինը: Արդեն սկսվել է այդ ծրագրի 2-րդ փուլը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ միասին մնացած 5 տեղանքի համար կանցկացվի միջազգային մրցույթ՝ ներգրավելով միջազգային խաղացողների: Այդ 5 տեղանքներում նախատեսում է մինչև 120 մգՎտ արևային կայաններ կառուցել»,-ասաց նա:

Կարեն Ասատրյանը տեղեկացրեց, որ լավ արդյունքներ կան չգազաֆիկացված համայնքներում էներգախնայողության ծրագրում: Տրամադրվում է ֆինանսավորում, արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ, արևային համակարգերի տեղադրման համար: Շուրջ 3 հազար ծրագիր արդեն ավարտվել է: Կարեն Ասատրյանը նշեց, որ ամռան ամիսներին օրական 8-10 հայտ էին ստանում արևային համակարգի տեղադրման համար:

Лента

Рекомендуем посмотреть