Онлайн

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել․Փաշինյանը՝ Լավրովին

2019-11-11 15:40 , Политика, 111

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել․Փաշինյանը՝ Լավրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

«Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել»,-պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ վարչապետ ընտրվելուց հետո բազմիցս հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետի հետ:

«Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երևանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ Պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, և իրոք մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա: Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»,-ՀՀ կառավարության լրատվական վարչության հաղորդմամբ՝ նշել է գործադիրի ղեկավարը՝ հիշատակելով վերջերս Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:

«Կարծում եմ՝ այն աննախադեպ միջոցառում էր իր մասշտաբներով: Ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի, Սերբիայի հետ, ուժի մեջ մտան Իրանի հետ ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, նաև Չինաստանի հետ պայմանագիրը: Այս համատեքստում, բավականին լավ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները և մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավականին լավ արդյունք է: Այս ամենը ստեղծում են շատ կարևոր ազդակներ՝ մեր երկրների միջև ռազմավարական, դաշնակացային հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր դաշնակցային հարաբերություններին, և իհարկե, ինչպես Դուք վերջերս հայտարարեցիք, ես նույնպես շատ մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Ուրախ եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Երևանում»,-Լավրովին ասել է նշել է Փաշինյանը:

Սերգեյ Լավրովն իր հերթին նկատել է՝ «Ռուսաստանի նախագահի հետ Դուք այս տարի հանդիպել եք 4 անգամ, նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Մենք շատ սերտ և ինտենսիվ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես Դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական Դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք։

Ուրախ ենք, որ զարգանում է նաև երկկողմ առևտրաշրջանառությունը, այն շարունակ աճում է: Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողը: ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր համագործակցությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում և մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ: Մի քանի շաբաթից Բիշքեքում տեղի կունենա ևս մի կարևոր միջոցառում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ ևս պետք է առաջ մղենք մեր փոխգործակցությունը՝ կապված ռազմաքաղաքական անվտանգության և դաշնակցային համագործակցության հետ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Лента

Рекомендуем посмотреть