Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն է բացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել կենտրոնի բացման արարողությանը։
Կառավարության լրատվության բաժնից նշում են, որ կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ:
Վարչապետը կենտրոնի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը:
Կենտրոնն աշխատելու է ժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ գերմանական SIEMENS ընկերության արտադրության Գամմա խցիկով (SPECT), որը աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել ոչ միայն վահանաձև գեղձի, այլև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև սրտանոթային և ոսկորային խնդիրները: Հետազոտություններն իրականացվելու են ռադիոակտիվ իզոտոպներով:
Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատելու են նաև հատուկ վերապատրասված միջուկային ֆիզիկներ:
Կենտրոնը ղեկավարելու է ռադիոլոգ Նատալյա Շենգելիա-դե Լանգեն: