Զինհաշմանդամների գործած գորգը ԱՄՆ-ում վաճառվել է 30 հազար դոլարով - RadioVan.fm

Онлайн

Զինհաշմանդամների գործած գորգը ԱՄՆ-ում վաճառվել է 30 հազար դոլարով

2019-11-04 19:40 , Общество, 1359

Զինհաշմանդամների գործած գորգը ԱՄՆ-ում վաճառվել է 30 հազար դոլարով

Կալիֆոռնիայում «Հայկական տիեզերք» անվանումով գորգը վաճառվել է 30,000 ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:

Նշենք՝ «Հայկական տիեզերք» անվանումով գորգը գործել են «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի Զինվորի տան հերոսները, որոնց աջակցել են նաև պրոֆեսորներ, ուսանողներ, կոմպոզիտոր.․․Գորգի գործման աշխատանքներին են միացել Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, հայկական ջազի լեգենդ Մալխասը, «Ավորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան, իսկ «վերջին հանգույցները» դրել է վարչապետը։

Հոկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել էր գորգագործման աշխատանքներին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

«Գորգը պետք է պատրաստ լինի մինչև նոյեմբերի 1-ը։ Գորգի աճուրդից ստացված միջոցներն ուղղվելու են Զինվորի տան հերոսների ուսումնական կենտրոնի կառուցմանը»:

Աճուրդը կայացել է նոյեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ին, Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի The Glendale Hilton հյուրանոցում:

Ըստ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ներկայացրած հաշվետվության՝ աճուրդի ընթացքում հավաքագրվել է շուրջ 66,000 ԱՄՆ դոլար։

«Միայն աճուրդից հավաքվեց 66,000 ԱՄՆ դոլար․

«Հայկական Տիեզերք» գորգը վաճառվեց 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը՝ 7,500 ԱՄՆ դոլար, Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլար և ունենք նվիրատվություն՝ 25,000 ԱՄՆ դոլարի չափով։

Եվ այսպես, ավարտվեց Կալիֆորնիայում կազմակերպված բարեգործական միջոցառումը, որի ամբողջ հասույթը կուղղվի մեր Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։

Եվ սա դեռ ամենը չէ,ներկա պահին ամփոփում ենք նաև միջոցառման ընթացքում հավաքված այլ նվիրատվությունները, որի մասին կիրազեկենք քիչ ավելի ուշ․․․»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է բժշկականի ռեկտորը։

Հավելենք, որ աճուրդից հետո Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում «Մեգերյան կարպետ» ընկերության աջակցությամբ գործելու է գորգագործության կենտրոն, ուր վարպետները կշարունակեն բուժում ստացող տղաներին սովորեցնել գորգ գործել՝ «ոմանք ձեռքերը կմարզեն, մյուսներն էլ, հնարավոր է, վարպետանան ու սկսեն գումար վաստակել»։

Лента

Рекомендуем посмотреть