Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքը, որոնց 2.5 տարեկան տղան վայր էր ընկել Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից, այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:
Այդ մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։
«Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:
Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից:
Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:
Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին»,-գրել է Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Բժիշկները վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին: Փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ հանգստանալու նպատակով առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից։ Նրա ծնողները «կախարդական» և «հրաշք» էին որակել բժիշկների և քաղաքային իշխանությունների դրսևորած վերաբերմունքը։
Սեպտեմբերի 26-ին փոքրիկը դուրս էր գրվել բժշկական կենտրոնից, նաայս ընթացքում բժիշկների հսկողության տակ էր։