Ավտովթարների ժամանակ ճանապարհի երթևեկելի մասի արագ վերականգնումը կկարգավորեն օրենքով - RadioVan.fm

Онлайн

Ավտովթարների ժամանակ ճանապարհի երթևեկելի մասի արագ վերականգնումը կկարգավորեն օրենքով

2019-10-31 16:54 , Политика, 945

Ավտովթարների ժամանակ ճանապարհի երթևեկելի մասի արագ վերականգնումը կկարգավորեն օրենքով

Տրանսպորտի ոլորտի զարգացմանը խոչընդոտ հանդիսացող խցանումները վերացնելու, որին ավտովթարների ժամանակ ճանապարհի երթևեկելի մասը արագ վերականգնելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ է մշակել։

«Հասարակական տրանսպորտի կառուցվածքը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է՝ երթուղային տաքսիների ներմուծմամբ, մեծ ավտոբուսների և տրոլեյբուսների քանակի կրճատմամբ և մետրոպոլիտենի օգտագործման նվազմամբ, ինչի արդյունքում շատացել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ արդյունքում ավելացնելով նաև ճանապարհներին խցանումների քանակը։․․․Օրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքերը, և արդյունքում կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները»,-նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է հեղինակը։

Ըստ այդմ՝ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում երթևեկության մասնակիցը պարտավոր է լինելու անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները: Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կա մարդկային զոհ կամ վիրավոր երթևեկության մասնակիցը պարտավոր է լինելու անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ոստիկանություն հայտնելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը:

Եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատվի երթևեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ, ապահովագրական պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերը ու օբյեկտները, և ձեռնարկվի անհրաժեշտ միջոցներ՝ դրանց պահպանման և դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ:

Նշենք՝ նախագիծն այսօր տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման՝ e-draft միասնական հարթակում և բաց է առաջարկների համար մինչև ս․թ․ նոյեմբերի 30-ը։

Лента

Рекомендуем посмотреть