Ստացիոնար բուժման մեջ գտնվող անչափահասի մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել․ Քննչականը պարզում է հանգամանքները - RadioVan.fm

Онлайн

Ստացիոնար բուժման մեջ գտնվող անչափահասի մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել․ Քննչականը պարզում է հանգամանքները

2019-10-31 15:17 , Право, 1536

Ստացիոնար բուժման մեջ գտնվող անչափահասի մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել․ Քննչականը պարզում է հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները:

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից՝ նշելով, որ հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:

Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի ծնողների մոտ ՁԻԱՀ չի հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում էՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք՝ դեպքի առնչությամբ նախօրեին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը, որում ասված է․

«Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:

Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսյաին բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրում:

Փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, տեղեկացնում ենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:

Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն` հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով»:

Лента

Рекомендуем посмотреть