«Ժամանակակից դասականներ» փառատոնը աշխարհի տարբեր ծայրերից Երևան կբերի մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ - RadioVan.fm

Онлайн

«Ժամանակակից դասականներ» փառատոնը աշխարհի տարբեր ծայրերից Երևան կբերի մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ

2019-10-30 19:59 , Культура, Шоу бизнес, 1556

«Ժամանակակից դասականներ» փառատոնը աշխարհի տարբեր ծայրերից Երևան կբերի մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որն անցկացվելու է նոյեմբերի 1-9-ը, աշխարհի տարբեր ծայրերից Երևան կբերի մեր օրերի լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ալեքսեյ Շորին, Գեորգս Պելեցիսին, Ալեքսանդր Չայկովսկուն և Կառլ Ջենկինսին: Նրանց կմիանա սիրված մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փառատոնային համերգներից յուրաքանչյուրը նվիրվելու է կոմպոզիտորներից մեկին: Համերգներին ներկայացվելու են հեղինակների ստեղծագործությունները։

«Սա բացառիկ և հետաքրքիր փառատոն է, որը միավորել է աշխարհի լավագույն ժամանակակից կոմպոզիտորներին, որոնք գալիս են Հայաստան: Կարևոր է խոսել նաև մենակատարների մասին. կոմպոզիտորների գործերը կկատարեն մեծ հռչակ վայելող դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ալտահար Յուրի Բաշմետը, ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Նինգ Ֆենգը, թավջութակահար Մարիո Բրունելոն, ֆրանսաբնակ ջութակահար Շուշան Սիրանոսյանը և բազմաթիվ այլ երաժիշտներ»,-հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա տեղեկացրեց, որ փառատոնի առաջին համերգը նվիրվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանին:

«Սա նմանը չունեցող իրադարձություն է հայ երաժշտության բնագավառում: Ես կարևորում եմ նաև այն, որ փառատոնին հնչելու են իմ լավ բարեկամ Գիա Կանչելիի գործերը: Ցավում եմ, որ նա վերջերս հեռացավ կյանքից»,-նշեց Տիգրան Մանսուրյանը:

Անդրադառնալով նոյեմբերի մեկին կայանալիք համերգին` կոմպոզիտորն ընդգծեց` ուրախ է, որ իր վաղեմի ընկեր Ալեքսան Սիրանոսյանի դուստրը` Շուշան Սիրանոսյանը կատարելու է իր ստեղծագործություններից մեկը: «Համերգին մասնակցելու է նաև թավջութակի վարպետ Մարիո Բրունելոն: Մի քանի տարի է, ինչ սպասում եմ, որ նա գա Հայաստան ու ելույթ ունենա այստեղ: Վերջապես նա ժամանելու է Երևան ու առաջին անգամ հնչեցնելու է իմ երաժշտությունը»,-նշեց մաեստրոն:

Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովն էլ ասաց, որ այս փառատոնի յուրահատկությունն այն է, որ հնարավոր է ոչ միայն տեսնել մեծանուն կոմպոզիտորներին, այլև ծանոթանալ նրանց հետ:

Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվների. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը, «Այբ» դպրոցի երգչախումբը։ Համերգները կկայանան դիրիժորներ Սերգեյ Սմբատյանի, Էդուարդ Թոփչյանի, Կառլ Ջենկինսի և Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Лента

Рекомендуем посмотреть