Շրջակա միջավայրի նախարարի 2019թ. հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվել է Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտը։
Այդ մասին ի պատասխան «Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնության հարցման հայտնել են նախարարությունից։
Ընկերությունը դիմել էր նախարարությանը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ ՀԲՃ-ն՝ այլ քաղաքացիների և մասնագետների հետ միասին, մասնակցել էր թույլտվության նախագծի քննարկմանն ու այդ առնչությամբ դիտողություններ և առարկություններ էր ներկայացրել նախարարին՝ հստակ ներկայացնելով այն մասնագիտական փաստարկները, որոնց հիման վրա այդ հայտը պետք է մերժվեր։
Նախարարի հրամանում մասնավորապես նշված է, որ հայտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դարբ գետից և դրա ջրահավաք ավազանում կան նաև այլ ջրօգտագործողներ։ Փաստացի վիճակը պարզելու համար նախարարությունը հոկտեմբեր ամսին իրականացրել է Դարբ գետի՝ ընկերության կողմից հայցվող ջրառի կետի հատվածում գետային հոսքի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ գետի փաստացի հոսքը չի գերազանցում հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված Դարբ գետի բնապահպանական թողքը (150 լիտր վայրկյան)։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածի 24-րդ մասի՝ «էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարումն արգելվում է»։ Իսկ համաձայն նույն օրենքի 30․1-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ջրօգտագործման թույլտվության հայտը մերժվում է, «եթե ջրային պաշարները բավարար չեն ջրօգտագործման թույլտվություն տալու համար, կամ պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի բավարարում ջրի ազգային պաշարի պահպանման պահանջները կամ ջրերի ստանդարտները»։
Հիմք ընդունելով այն փաստը, որ Դարբ գետի ազատ հոսքը բավարար չէ հայցվող ջրօգտագործման համար՝ նախարարը հրամայել է մերժել գետից տարեկան 1,244 միլիոն խորանարդ մետր 360 օր 24 ժամյա ռեժիմով արդյունաբերական նպատակներով ջրառ իրականացնելու համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը»,-մանրամասնում են ՀԲՃ կամավորական նախաձեռնությունից։