Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցում հրդեհվել է վեց տան տանիք: Այս մասին ասաց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը:
«Հրդեհվել է մոտ 800 քմ տարածք, հինգ տան տանիքներ են այրվել, բացի այդ այրվել է ևս մեկ տան տանիքի 60 քմ-ը: Հրդեհը հանգցրել ենք, աշխատանքները դեռևս շարունակվում են, որպեսզի հրդեհը տարածքում չստանա: Հրդեհի մարման աշխատանքներ են գնում, կրակ և տարածման վտանգ չկա»,- ասաց նա:
Հարցին, թե նախնական տվյալներով ի՞նչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ, Արթուր Կարապետյանն ասաց, որ առայժմ ոչինչ պարզ չէ.«Հրդեհային տեսչության աշխատակիցների կողմից համապատասխան հետաքննություն անցկացնելուց հետո հրդեհի պատճառները կպարզվեն, հիմա ոչինչ պարզ չէ»:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.10-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում: