Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. հրապարակվեց բժշկական հանձնաժողովի եզրակացությունը - RadioVan.fm

Онлайн

Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. հրապարակվեց բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

2016-08-09 05:25 , Медицина, здоровье, 2397

Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. հրապարակվեց բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացավ ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով չորրորդ դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Դատական նիստն ընդհատվել էր քրեական գործին կից փաստաթղթերի հետազոտման փուլում, ինչը շարունակվեց այս դատական նիստին:

Դատարանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից կազմված տեղեկանքը՝ Մերի Մարգարյանի մահվան վերլուծության վերաբերյալ։

Դատավոր Դավիթ Բալայանը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմված հանձնաժողովի կողմից տրված երգակացությունը Մերի Մարգարյանի մահվան վերաբերյալ: Հանձնաժողովը նախագահել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, անդամակցել են մի շարք մասնագետներ:

Տեղեկանքում նշված է, որ ըստ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մերժման մատյանի գրանցման, 23.07.2015-ին հղին դիմել է քիթ, կոկորդ, ականջաբան մասնագետի, ստացել խորհրդակցության և բուժում, քսանհինգին կրկին դիմել է «Շենգավիթ» ԲԿ, 38 աստիճան ջերմության պատճառով, արվել է մեզի, արյան և այլ հետազոտություններ:

Հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր,

կազմվել է կոնսիլիում (հիվանդությունն ախտորոշելու և նրա բուժման միջոցները որոշելու համար կազմված խորհուրդ) Ռազմիկ Աբրահամյանի, «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Ռոստոմյանի, ռեանիմացիոն բաժանմունքի վարիչ Մուրադյանի մասնակցությամբ: Մերի Մարգարյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ծննդկանը գտնվել է ապարատային շնչառության պայմաններում, արգանդը կրճատված է եղել, առկա է եղել բազմաօրգանային անբավարարություն:

Ամփոփելով բժշկական հանձնաժողովը հանգել է հետևյալ եզրակացության.

Հղիի նախածնային հետազոտություններն ու հսկողութունը կատարվել է չափորոշիչին համապատասխան:

Նախածնային հսկողության ընթացքում շեղումներ չեն հայտանաբերվել:

Ըստ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղափոխման էպիկրիզի` հղիի մոտ ջերմությունը սկսվել է 23.07.2015-ին, նշանակվել է ամբուլատոր բուժում:

Հաշվի առնելով հղիի բարձր ջերմությունը, անհրաժեշտ էր հղիի հոսպիտալացումն իրականացնել հուլիսի 23-ին, ոչ թե հուլիսի 26-ին; Հոսպիտալիզացումը եղել է ուշացումով:

Աննպատակային էր հղիի բուժումը նշանակել ամբուլատոր պայմաններում դեռ հուլիսի 23-ին,անհրաժեշտ էր բուժումն իրականացնել ստացիոնարի պայմաններում։

Նման մանկաբարձական իրավիճակը նախատեսում էր արագ ծննդօգնություն կեսարյան հատման միջոցով, սակայն դրան կարող էր խոչընդոտել բարձր ջերմությունը:

Մահվան պատճառ է դարձել գեստոզը:

Պաշտպանական կողմը նկատեց, որ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի նախագահը հանդիսացել է նույն անձը` Ռազմիկ Աբրահամյանը, ով «Էրեբունի» ԲԿ-ում կոնսիլիումի մասնակից է եղել:

Դատավորը նշեց, որ դա չնկատել անհնարին էր.«Ինքն իր արածի վերաբերյալ եզրակացություն է տալիս»,- նկատեց դատավորը:

Տուժող կողմի ներկայացուցիչ Թովմասյանն էլ նկատեց, որ ներքին քննության արդյունքները տուժող կողմին հասանելի չի եղել, և հասանելի է եղել նախաքննության ավարտից հետո:

Դատավորը նշեց, որ մասնագետների հանձնաժողովի վկայականը դատավարական փաստաթուղթ չէ, և բացարկի իրավունքը չէին էլ կարող ունենալ, եթե անգամ տեղյակ լինեին, թե ովքեր էին հանձնաժողովի անդամները:

Հիշեցնենք, Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով): Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Лента

Рекомендуем посмотреть