Հայաստանում առաջին անգամ բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Վիրահատությանը, որը կատարվել է նախօրեին «Արաբկիր» բժշկական կենտրոնում, մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Բագրատիչը:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ այս տարի նաև առաջին լյարդի փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին «Աստղիկ» բժշկական կենտրոնում Ռուսաստանի գործընկերների հետ:
«Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:
Բելառուս գործընկերների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ այս տարվա հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում: Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց»,-գրել է նախարարը: