Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից։
«Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» Բժշկական համալիր–Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ,հիվանդը տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»,-մանրամասնում են առողջապահական գերատեսչությունից՝ հիշեցնելով, որ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի յոթ դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբհիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։ Պատվաստումներն ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում: