Երգչուհի Լուսինե Կչոզյանը Sofia Grand Prix 2019 միջազգային երաժշտական փառատոնին մրցանակների է արժանացել երեք անվանակարգում - RadioVan.fm

Онлайн

Երգչուհի Լուսինե Կչոզյանը Sofia Grand Prix 2019 միջազգային երաժշտական փառատոնին մրցանակների է արժանացել երեք անվանակարգում

2019-10-21 22:32 , Культура, Шоу бизнес, 1275

Երգչուհի Լուսինե Կչոզյանը Sofia Grand Prix 2019 միջազգային երաժշտական փառատոնին մրցանակների է արժանացել երեք անվանակարգում

Երգչուհի Լուսինե Կչոզյանը օրերս մասնակցել է Sofia Grand Prix 2019 15-րդ միջազգային երաժշտական փառատոնին և մրցանակների է արժանացել երեք անվանակարգում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Կչոզյանը, որը դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, պատմեց, որ «Ֆոլկ երաժշտություն» անվանակարգում կատարել է «Յարը մարդու յարա կուտա» գործն ու զբաղեցրել է առաջին հորիզոնականը, համաշխարհային հիթերից հնչեցրել է Սելին Դիոնի «It’s all coming back to me now» երգն ու կրկին գրավել առաջին տեղը, իսկ ջազային անվանակարգում ներկայացրել է կոմպոզիտոր ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի «Տեմպ-ռիթմ-մեղեդի» ստեղծագործությունն ու արժանացել «Գրան Պրի» մրցանակի:

Sofia Grand Prix-2019-ին մասնակցել են երաժիշտներ Սերբիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլ երկրներից: «Բավականին հետաքրքիր ու լուրջ մրցույթ էր, և ես շատ ուրախ եմ, որ բարձր պահեցի Հայաստանի պատիվը, ծածանեցի մեր երկրի դրոշը: Ըստ իս` հերոսություն է միջազգային մրցույթում միայնակ ներկայանալն ու երեք անվանակարգում բարձր հորիզոնականներ զբաղեցնելը: Այս միջազգային մրցույթին ևս մեկ անգամ հիշեցրինք, որ կա Հայաստան, որն ունի բարձր արվեստ: Բոլորը հիացել էին մեր ստեղծագործություններով: Հրաշալի է, երբ ներկայացնում ես երկիրդ և այն արվեստը, որը ոչ միշտ է հասանելի ամբողջ աշխարհին: Պետք է մշտապես պրոպագանդել մեր երաժշտությունը», - ընդգծեց Կչոզյանը:

Խոսելով մրցույթի շրջանակում ծնված համագործակցությունների մասին` նա ասաց, որ ծանոթություններ են ձեռք բերվել միջազգային մրցույթների ղեկավարների, կազմակերպիչների հետ: Կչոզյանի խոսքով` հետագայում ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթների, հաղորդակցվել օտարազգի երաժիշտների հետ: «Եթե անգամ բարձր հորիզոնականներ չզբաղեցնեն, միջազգային հարթակում ելույթ ունենալը նրանց կոգևորի, ավելի շատ աշխատելու, ավելի մեծ հաջողությունների հասնելու ազդակ կտա», - համոզմունք հայտնեց երգչուհին:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է Լուսինե Կչոզյանը որոշել երգարվեստով զբաղվել, և նա խոստովանեց, որ նախկինում չի մտածել երգչուհի դառնալու մասին, բայց սիրել է երաժշտությունը: «Երբ եկավ մասնագիտական ընտրություն կատարելու ժամանակը, ընտրեցի երգը, որովհետև այն ինձ հոգեհարազատ էր: Շփվելով երաժիշտների հետ, նրանցից խորհուրդներ հարցնելով` ընդունվեցի Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Այժմ դասավանդում եմ երկու հաստատություններում էլ», - նշեց Կչոզյանը:

Երգչուհին պատմեց, որ ծանոթացել է Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի հետ, որոնք առաջարկել են ընդունվել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ երգում է քսան տարի:

«Իմ ձայնով զբաղվել են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Էլվինա Մակարյանը, Արմանուշ Հակոբյանը: Իմ ձայնածավալը բավականին մեծ է, բայց առանց զգացմունքայնության այն չի կարող ազդեցիկ լինել: Ուսանողներին միշտ ասում եմ, որ ավելի լավ է կարողանալ խոսքն ու հոգեվիճակը ճիշտ մատուցել փոքր ձայնով, քան ունենալ հզոր ձայն, բայց երգել առանց հույզերի: Միշտ բերում եմ Շառլ Ազնավուրի օրինակը, որի առաջ ամբողջ աշխարհն է խոնարհվել»,-ասաց Կչոզյանը:

Երգչուհին օրերս երաժշտասերների դատին է հանձնել «Հայրենիք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը Տիգրան Նազարյանն է, երգի երաժշտությունը գրել է, Ալբերտ Աբգարյանը, խոսքերը` Լիլիթ Դամիրյանը, Գործիքավորել է Արթուր Հակոբյանը:

«Կարծում եմ` հրաշալի երգ է, տպավորիչ տեսահոլովակ, որը նկարահանել ենք Հայաստանի տեսարժան վայրերում», - եզրափակեց Լուսինե Կչոզյանը:

Лента

Рекомендуем посмотреть