Զինծառայողների բուժօգնությունը ժամանակավորապես կկազմակերպվի քաղաքացիական բուժհաստատություններում։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։
«Նկատի ունենալով նշված հանգամանքը, մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում‘ պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։