ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանրապետության մի շարք համայնքներում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքերի բացման հանդիսավոր արարողություններին։
ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՀՀ ՊՆ) տեղեկացնում են, որբնակելի շենքերից մեկը կառուցվել և շահագործման է հանձնվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Նորակառույց շենքի 22 բնակարանների բանալիները զինծառայողներին է հանձնել պաշտպանության նախարարը։ Սիսիան քաղաքում ևս սպաները ստացել են կահավորված 28 ծառայողական բնակարաններ։ Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բնակարանամուտ են տոնել նաև Վայք քաղաքում, որտեղ ծառայողական բնակարաններ են ստացել 44 զինծառայողներ։
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորակառույց շենքերում բնակարաններ ստացած զինծառայողներին և ընդգծել, որ զինված ուժերի սպայակազմի բնակավորման, սոցիալական ապահովության հարցը մշտապես գտնվում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վստահեցնելով, որ արվում է ամեն հնարավորը զինծառայողների սոցիալական բեռը թեթևացնելու համար, Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ բնակարանային խնդրի լուծումը մեծապես կնպաստի զինծառայողների մարտունակության բարձրացմանը և մարտական առաջադրանքների կատարմանը»,-ասված է ՀՀ Պն տարածած հաղորդագրությունում: