Փաշինյանը և Մարությանը նկարահանվել են Մանսուրյանի նոր ստեղծագործության տեսահոլովակում - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը և Մարությանը նկարահանվել են Մանսուրյանի նոր ստեղծագործության տեսահոլովակում

2019-10-14 16:12 , Культура, Шоу бизнес, 1455

Փաշինյանը և Մարությանը նկարահանվել են Մանսուրյանի նոր ստեղծագործության տեսահոլովակում

«Սրտումս Երևան» կարգախոսի ներքո հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տոնը կհիշվի ու կնշանավորվի մանսուրյանական երաժշտությամբ: Մաեստրոյի «Հետևի՛ր արևին, արի՛ Երևան» նոր ստեղծագործությունը, որը գրվել էր հատուկ պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար, արդեն ձայնագրված է: Այս օրերին նկարահանվում է նաև տեսահոլովակը:

«Ռեժիսորի մտահղացմամբ, ստեղծագործության հնչյունները լսվում են քաղաքի տարբեր անկյուններում: Դրանք պատշգամբ են հրավիրում մշակութային հայտնի գործիչներին, արվեստագետներին, նաև պետական ու քաղաքական դեմքերին: Տեսահոլովակում նկարահանվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քաղաքապետ Հայկ Մարությանը»,-մանրամասնում են քաղաքապետարանից:

Հոկտեմբերի 19-ի միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից:

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Էրեբունի - Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ի երեկոյան: Ժամը 19:00-ից մինչ 22:00-ն վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր:

Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է: Դասականների սիրահարներին Երևանը հրավիրում է Արաբկիր: Հայկական ջազի լեգենդները կլինեն Դավթաշենում: Ժողովրդական երգ ու պարով ձեզ կդիմավորի Էրեբունին, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում:

Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում: Ազգագրական տրամադրությունը՝ Նորք-Մարաշում: Ռոքի հայ աստղերին լսելու համար պետք է Նուբարաշեն հասնեք, հեղինակ-կատարողներին լսելու համար՝ Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում:

Տոնական օրվա ավարտին՝ 22.00-ին, Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ:

Лента

Рекомендуем посмотреть