«#Բավական է»․ այսօր՝ Աղջիկների միջազգային օրվա առիթով, ՀՀ-ում մեկնարկել է սոցիալական արշավ՝ ընդդեմ մեր երկրում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների:
Արշավն անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «Դոպինգ» կրեատիվ գործակալության նախաձեռնությամբ։
Սելեկտիվ աբորտների, տղա երեխաներ ունենալուն նախապատվություն տալու հետևանքով Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1300 աղջիկ։ Ի հակառակ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցության ցուցանիշի, այն է՝ 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով, ՀՀ-ում 2011 թվականին 114 տղայի դիմաց ծնվել է 100 աղջիկ (այս ցուցանիշով մեր երկիրը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում՝ Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա), ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը 2008-2012թթ. կազմել է 164 տղա 100 աղջկա դիմաց:
Թեև, ինչպես փաստում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ վերջին տարիներին բարելավվել է ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը․2018 թ. հունվար-հունիսին այն կազմել է 110,3 տղա՝ 100 աղջկա դիմաց, 2017 թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 111,7 տղա՝ 100 աղջկա դիմաց, այդուհանդերձ, ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման,և, որպես հետևանք, բնակչության թվաքանակի նվազման:
ՀՀ-ում 2019 թվականի սկզբի դրությամբ 0-18 տարեկան աղջիկ երեխաների թիվը կազմում է՝ 343.389 աղջիկ, իսկ տղա երեխաների թիվը նույն ժամանակահատվածի համար կազմում է՝ 389.891, ինչը 46.502-ով ավել է աղջիկ երեխաների թվաքանակից:
Վիճակագրությունը, մարդկանց մտածողությունը՝ թե «միայն տղան է տոհմի շարունակողը» փոխելու նպատակով ՄԱԿ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Դոպինգ»-ի համագործակցության արդյունքում «Ֆեյսբուք» սոցիալական կայքում մեկնարկել է #Բավականէ հեշթեգով ակցիան, գործարկվել է համանուն կայք, որում այցելուները կարող են գտնել թվային փաստեր, խնդրին առնչվող տպագիր նյութեր։ Նախաձեռնության հեղինակները երեկոյան անակնկալ են խոստանում, նաև նշում, որ մայրաքաղաքում գաղափարն արտացոլող վահանակ է տեղադրվելու։
«Թվերը մտահոգիչ էին, հատկապես, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տղաների և աղջիկների հարաբերակցությունը 165-100 է։ Դեռ մեկ տարի առաջ էինք մտածել նման ձեռնարկի մասին, դիմեցին նախարար Արսեն Թորոսյանին, նա ոգևորությամբ ընդունեց մեր առաջարկը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն էլ ֆինանսական աջակցություն ցուցաբերեց, արդյունքում՝ գաղափարը կյանքի կոչվեց»,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշեց «Դոպինգ»-ի կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանը՝ ընդգծելով, որ, եթե անգամ, մեկ հոգի հետ կանգնի աղջիկ երեխա չունենալու որոշումից՝ արշավն իրագործված կհամարեն։
Հավելենք, որ հոկտեմբերի 11-ին աշխարհում նշվում է Աղջիկների միջազգային օրը։ Օրը հռչակել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր վեհաժողովը՝ ի նշան աղջիկների իրավունքների ու նրանց խնդիրների ճանաչման։ Աղջիկների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2012 թ․ ու նվիրված է եղել աշխարհի շատ երկրների համար խիստ մտահոգիչ խնդրին՝ վաղ ամուսնություններին։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան