Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: Սիրիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Քամիշլիի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:
«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ ինքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ՝ Հալեպ և Հասաքե: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք՝ նախօրեին՝ հոկտեմբերի 9-ին, Գնդակոծվել է նաեւ Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, Թուրքիան, «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում, գնդակոծել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածը՝ Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա, Քամիշլի քաղաքը։ Թուրքական ռազմաօդային ուժերը, ընդհանուր առմամբ, ռմբակոծել են 181 օբյեկտ։