Էջմիածին քաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2704-ամյակը։
Տոնական օրվա մեկնարկը տրվել է ուղիղ կեսօրին՝ Կոմիտասի անվան մշակույթի պալատում հրավիրված հանդիսավոր նիստով, որի ընթացքում կհանձնվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները։
Նիստին, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետևեք ուղիղ հեռարձակմամբ․
Տոնական օրվան ընդառաջ լվացվել են քաղաքի դիմագծի մաս հանդիսացող հուշարձանները։
Իսկ այսօր՝ ողջ օրվա ընթացքում, նախատեսված են համերգային ծրագրեր, սպորտային և պարային ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ։ Էջմիածնի քաղաքապետարանից շեշտում են, որ «նախատեսված միջոցառումների շարքում բարձրակետ կհանդիսանան ՏՈՆԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ` 14:00-ին, Հայաստանում առաջին անգամ անցկացվող ՔՈՒՖԹԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԸ` 14:30-18:00-ն և տոնական ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ` 19:00-22:00-ն»:
«Առաջին անգամ անցկացվող Քուֆթայի (կոլոլակ) փառատոնը շատ լավ հնարավորություն է ծանոթանալու հայկական ավանդական ուտեստներից մեկի՝ քուֆթայի և հատկապես Էջմիածնի քուֆթայի համին և պատրաստման գաղտնիքներին:
Էջմիածնի խոհանոցում թե´ բույրով, թե´ համով առանձնանում է քուֆթան/կոլոլակը. այս մասին խոսում են բոլորը: Այստեղ քուֆթա/կոլոլակ պատրաստում են անհիշելի ժամանակներից: Քաղաքում անգամ հայտնի է «քուֆթաչիների»՝ քուֆթա պատրաստողների փողոցը, որտեղից կարող ես գնել լավագույն քուֆթան»,-նշվում է փառատոնի ֆեյսբուքյան էջում։