Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (դատարան հասանելիության իրավունք) խախտում, ինչպես նաև 8-րդ հոդվածի խախտում (անձնական կյանքի հարգանքի իրավունք)՝ ՀՀ-ին պարտավորեցնելով քաղաքացուն վճարել մոտ 8000 եվրո։
Նշվում է, որ դիմումատուն՝ 1939 թվականին ծնված երևանաբնակ Գուրգեն Նիկոլյանը, 2012թ-ին դատարան է ներկայացրել ամուսնալուծության և վտարման հայցադիմում՝ պնդելով, որ կնոջ և իր միջև կոնֆլիկտային հարաբերությունները անհնար են դարձրել համատեղ կյանքը։ Ներպետական դատարանները, սակայն, երբեք չեն քննել նրա հայցը, քանի որ նա կնոջ և որդու հայցի հիման վրա 2013-ին ճանաչվել է անգործունակ։ Ավելին, վճիռը կայացվել հոգեկան առողջության մասին ժամկետանց փաստաթղթի հիման վրա։
Նշվում է, որ իրավիճակն ավելի է սրվել այն փաստից, որ իշխանությունները դիմումատուի որդուն նշանակել են որպես նրա իրավաբանական խնամակալ, չնայած նրանց կոնֆլիկտային հարաբերություններին։
Եվրադատարանը գտել է, որ դիմումատուն չի կարողացել ո՛չ հայց ներկայացնել կնոջ նկատմամբ ամուսնալուծության և վտարման պահանջով, ո՛չ էլ դատարանում պահանջել վերականգնել իր իրավունակությունը, քանի որ ՀՀ օրենքը արգելում է անգործունակ ճանաչված անձանց ուղղակիորեն մուտք գործել դատարաններ։
Այդպիսով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Նիկոլյանի անգործունակության վերաբերյալ դատավարությունը չի եղել մրցակցային, բացի այդ դիմումատուն զրկված է եղել դատարանի հասանելիության և իր գործունակությունը վերականգնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել է վերջինիս անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:
Եվրադատարանի վճռով որպես արդարացի բավարարում Հայաստանը Նիկոլյանին պետք է վճարի 7,800 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց:
Նշենք՝ «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ է ներկայացվել 2014 թվականի նոյեմբերի 13-ին՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գանգատը կոմունիկացրել է 2016 թվականի նոյեմբերի 17-ին։