Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում քննվող՝ ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի կողմից Իրանից խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցները մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխելու և իրացնելու դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գործընթացը հովանավորել է ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան:
Այդ մասին հայտնում են ՊԵԿ մամլո ծառայությունից՝ նշելով, որ այդ պաշտոնյան պարբերաբար հանդիպումներ է ունեցել Տ.Գ.-ի հետ, որոնց ընթացքում թմրամիջոցների ներկրման և իրացման ժամանակ իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու նպատակով մասնագիտական խորհուրդներ է տվել ու իր հովանավորչության դիմաց գումարներ է ստացել Տ.Գ.-ից:
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների գնահատմամբ, հիշյալ պաշտոնատար անձի կողմից կատարվել են արարքներ, որոնք դրսևորվել ենպաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ինչպես նաև նրա կողմից ծառայողական պարտականությունները չկատարելով՝ շահադիտական դրդումներից ելնելով:
Որոշում է կայացվել քրեական գործի նյութերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել նոր քրեական գործ և քննչական ենթակայության կարգով ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,-ասված է ՊԵԿ տարածած հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: