Այսօր Երևանի սրտում՝ Կարապի լճի հարևանությամբ, կազմակերպվել է «Աշխարհի ամենամեծ գաթա 2019» համտես-հյուրասիրությունը։
65 մետր երկարություն ու 410 կգ քաշ ունեցող գաթան պատրաստվել է վեց հրուշակագործների ջանքերով՝ երկու օրում` 10-օրյա նախապատրաստական աշխատանքների արդյունքում:
«Ռադիո Վանի» հետ զրույցում թիմի ղեկավար շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանն անկեղծանում է՝ խնդիրը միայն ժամանակն է եղել, իսկ աշխատանքները՝ թե՛ նախապատրաստական, թե՛ բուն թխման` կատարվել են սիրով։
Աշխարհի ամենաերկար գաթայի թխման համար պահանջվել է 150 կգ կարագ, 100 կգ ալյուր, 200-ից ավելի ձու, 50 կգ շաքարավազ, մոտ 50 կգ էլ նուշ ու չրեղեն։
Նախաձեռնության հեղինակը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն է, որը ամենամյա այս միջոցառմամբ նպատակ ունի ձևավորել գեղեցիկ ավանդույթ և ամեն տարի քաղաքամայր Երևանին՝ որպես նվեր, մատուցել հայկական ավանդական գաթան՝ գերազանցելով իր իսկ սահմանած նախկին ռեկորդները։
Միջոցառման համն ու հոտը՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից նախորդ տարի՝ քաղաքամայր Երևանի 2800 ամյակի առիթով պատրաստված 60 մետր երկարաությամբ և 368 կգ կշռով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ռեկորդը գրանցել է հատուկ այցով Հայաստան ժամանած «GUINNESS WORLD RECORDS»-ի պաշտոնական մրցավար, միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը, որն էլ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին է հանձնել ռեկորդը հավաստող վկայականը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան