«Դեմ ենք այլասերության քարոզին». երթ` ընդդեմ «Ստամբուլյան կոնվենցիա»-ի - RadioVan.fm

Онлайн

«Դեմ ենք այլասերության քարոզին». երթ` ընդդեմ «Ստամբուլյան կոնվենցիա»-ի  

2019-09-24 16:51 , Общество, 1823

«Դեմ ենք այլասերության քարոզին». երթ` ընդդեմ «Ստամբուլյան կոնվենցիա»-ի

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչներն այսօր ընդդեմ «Ստամբուլյան կոնվենցիայի» երթ են նախաձեռնել, որի մեկնարկը տրվել է Մաշտոցի պուրակից՝ ավարտվելով ՀՀ կառավարության շենքի առջև։

Կազմակերպիչների խոսքով՝ երթը զգոնություն հաղորդելու նպատակ ունի, որպեսզի նշյալ կոնվենցիան քաղաքական օրակարգ չմտնի։

«Միացեք երթին, որպեսզի ցույց տանք մեր վճռականությունը և միասնությունը։ Մեր երկրում չեն անցնի օտարերկրյա օրենքներ, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր ազգային անվտանգությանը։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և մենք ենք որոշելու, թե ինչպիսի օրենքներ են մեզ պետք»,-բարձրաձայնում էին երթի կազմակերպիչները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ընդդեմ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, կամ, առավել հայտնի՝ Ստամբուլյան կոնվենցիայի, հուլիսի 18-ից Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի դիմաց, այս օրերին նաև մարզերում, Վահագն Չախալյանի՝ ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը անժամկետ ստորագրահավաք է անցկացնում՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ կոնվենցիայի վավերացման դեպքում բռնություն ասվածի տակ՝ այլասերության, երրորդ սեռի քարոզ է իրականացվելու։ Կոնվենցիայի առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև Մայր Աթոռը։

Մինչդեռ, ՀՀ արդարադատության նախարարությունից հայտարարում են՝ «Ավանդույթների պահպանությանը միտված արշավն ընդամենը հանրությանը մոլորության մեջ դնելու փորձ է», իսկ կոնվենցիայի շուրջ հնչեցվող մտահոգությունները թյուրըմբռնման արդյունք են։

«Եթե ազգային օրենսդրությունը չի ճանաչում միասեռ անձանց ամուսնությունը, ապա պնդումները, թե կոնվենցիան ներմուծում է ընտանիքի նոր մոդել՝ առնվազն, անտեղյակության հետևանք են»,-օգոստոսի 8-ին տարածած հաղորդագրությունում պարզաբանել էր ՀՀ արդարադատության նախարարությունը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть