«Ինչպե՜ս դուք կարող էիք մեր Կոմիտասի երգերն այսպես աղավաղել»,-տարիներ առաջ հենց այսպես է Մոսկվայի հայ հանդիսատեսն արձագանքել «Պիկասոյի զավակները» (ռուս.՝ Дети Пикассо) հայ-ռուսական ռոք խմբի` Կոմիտասի որոշ երգերի վերամշակված տարբերակների կատարումներին։
«Եթե նրանք քարեր ունենային` խումբը կքարկոծվեր»,-պատմությունը վերհիշում է Եգոր Գլումովը, ում մտահղացմամբ, ահա, Կոմիտասի հոբելյանական տարվա` 150-ամյակի շրջանակում, «Վան» ռադիոկայանն այս օրերին իրականացնում է «Կոմիտաս Ռեստարտ» (Komitas Restart) նախագիծը:
«Ես համարում եմ, որ Կոմիտասը բոլորինն է, և յուրաքանչյուր հայ իրավունք ունի այնպես երգել Կոմիտաս, ինչպես զգում է: Այդ իսկ պատճառով Կոմիտասի նման հանճարը կարիք ուներ «ռեստարտի», որպեսզի նա դառնար համահայկական, համաժողովրդական ու համամարդկային,-նախագծի խորագրի ընտրությունն այսպես է մեկնաբանում հեղինակը ու հավելում,-եթե մենք հարցին մոտենայինք այնպես, ինչպես մինչ օրս արվել է` կանչեինք դոցենտ-պրոֆեսորի, կոմիտասագետների ու սկսեինք քննարկել` այս «լյա»-ն սխալ է, այս խաղիկն այստեղ ավելորդ է, ա՛յ, Կոմիտասն այստեղ այսպես կաներ…բայց մենք փորձեցինք յուրաքանչյուր խմբին տալ այնքան ազատություն, որքան տվել է Կոմիտասը և նրա երաժշտությունը»։
Ազատություն ասվածը, սակայն, հարաբերական է․ նախագծին մասնակցություն ունեցողների ընտրություն, այդուամենայնիվ, կատարվում է։
«Յուրաքանչյուր հայ մարդ, ով առնչվում է երաժշտության հետ, անպայման հետաքրքրվում է Կոմիտասի ժառանգությամբ և, եթե նա համարձակություն է ունենում իր ձեռագրով ներկայացնելու կոմիտասյան որևէ ստեղծագործություն, դիմել է մեզ` նախագծին մասնակցություն ունենալու ցանկությամբ։ Որքան էլ փորձել ենք ազատություն տալ ճանաչված ու ոչ հայտնի խմբերին, հասկանալ, թե ինչպես է ապրում նրանց մեջ Կոմիտասը, միևնույն է, ընտրություն ստիպված ենք լինում անել։ Լինում են կատարողներ և խմբեր, որոնք, այդուհանդերձ, պատրաստ չեն ներկայացնելու երգեր և ձայնագրություններից հետո որոշում ենք, որ դեռևս ժամանակը չէ տվյալ կատարումը ներկայացնելու»,-պարզաբանում է վերջերս «Ռադիո Վանի» երաժշտական նախագծերի պրոդյուսերի պարտականությունները ստանձնած Ժակը /Հակոբ Պապիկյան/։
Նախագծի աշխատանքների մեկնարկը` խմբերի, կատարողների ներգրավում, նկարահանումներ, մոնտաժ, տրվել է դեռ ամիսներ առաջ, իսկ ռադիոլսողի և դիտողի դատին այն հանձնվել է մեկ ամիս առաջ և մինչև տարեվերջ երաժշտասերները հնարավորություն կունենան լսելու երեք տասնյակի հասնող կատարումներ. Կոմիտասը ռոք ոճում, Կոմիտասը` ֆոլկ, Կոմիտասը` դասական հնչողությամբ…
«Դու կարծում ես մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ»,-Կոմիտասի հանճարի մասին գրել է բանաստեղծ Պարույր Սևակը։
Նախագծին մեծ պատասխանատվությամբ վերաբերվող անձնակազմը հավատում է` «Ռադիո Վանի» նոր՝ վերջերս գործարկված ստուդիայում, կենդանի հնչողությամբ ձայնագրվելու է որևէ մի կատարում, որը ցնցելու է շատերին՝ Կոմիտասին հասկանալու ևս մեկ հնարավորություն ստեղծելով։
«Սպասում ենք, լիահույս ենք, որ մի քանի ստեղծագործություններ, որոնք կհնչեն այս նախագծի շրջանակում, բացառիկ կլինեն»,-ընդգծում է Ժակը։
Նախագծի շրջանակում ծնունդ առած ստեղծագործությունները հնչում են «Ռադիո Վանի» եթերում` 103.1 հաճախականությամբ և օնլայն տիրույթում` ֆեյսբուքյան հարթակում, radiovan.fm պաշտոնական կայքում։
Այսօր լրանում է Հայոց ազգային երաժշտագիտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը։ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը» ընդգրկված է «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում․ հայտը ներկայացվել է Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ, ինչը 2017 թվականի նոյեմբերին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել է հավանության: Հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկը տրվել է տարեսկզբին՝ 2019-ի հունվարի 29-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգային ծրագրով՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան/:Մինչև տարեվերջ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում Կոմիտասի 150-ամյակի առիթով բազմաթիվ միջոցառումներ են նախանշված։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան