Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07։00-ից, Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը սկսել են մետրոպոլիտենի նոր ժետոններով:
«Նպատակահարմար չգտանք փոխել ժետոնի գույնն ու տեսքը, քանի որ դա հավելյալ ծախս է: Մեր առաջ նպատակ էինք դրել թարմացնել ժետոնները, որովհետև եղածներն արդեն պիտանի չէին օգտագործման համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը՝ նշելով, որ մոտավորապես 10 օրվա ընթացքում արտադրվել է ավելի քան 200 000 ժետոն, որոնք բաժանվել են բոլոր կայարաններում: Նոր ժետոններ ստանալու համար ծախսվել է մեկ միլիոն դրամ:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ից ընդգծում են՝ այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր և հինը փոխարինել նորով։
Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981թ.-ից, ունի 10 կայարան և 45 վագոն։